Լրացուցիչ 400 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին
«Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ հատկացնել կառավարության որոշմամբ հաստատված երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրերին, որոնք իրացվում են բավականին բարձր կատարողականով, և պարբերաբար մեծանում է և՛ դիմողների, և՛ օգտվողների թիվը»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա զեկուցեց, որ նախագծով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին հատկացվում է լրացուցիչ 400 մլն դրամ, և այն կտրամադրվի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով:
Ըստ Մկրտչյանի՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու, հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին դրամական աջակցություն ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու և հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին միանվագ աջակցություն հատկացնելու համար:
«Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում և 5 տոկոսի չափով Երևանում, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամի աջակցություն է տրվում: 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում այդ չափը կազմումէ 2 մլն դրամ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը և երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 մլն դրամ աջակցություն է տրամադրում»,-տեղեկացրեց Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3250 շահառու օգտվել է նրանից, և պետության մասնակցությունը մոտ 2.2 մլրդ դրամ է:
«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու ընտանիք, ինչը մոտավորապես այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված»,-հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Նիկոլ Փաշինյանը մանրամասն բացեց ծրագիրը՝ ասելով «Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու։ Չէ՛, ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է, և մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն։ Եվ ես չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձևով իրականացվում է։ Մարզում խոսում ես մարդկանց հետ, հարցնում, թե այսպիսի ծրագիր կա, օգտվո՞ւմ եք՝ տեղյակ չեն։ Առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցրի՝ տեղյա՞կ եք ծրագրից, ասացին՝ չէ, արագ խորհրդակցություն եմ հրավիրելու»:
Հարակից հրապարակումներ`
- Ծառայությունն ավարտելուց հետո սպային կհատկացվի սեփականության իրավունքով բնակարան
- Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես. Փաշինյանը սպառնաց տնտեսվարողներին
- Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
- Հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել