Դիվանագետները Փարիզում 20 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են անում
Փարիզում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել դիվանագիտական աշխատակիցների գործադուլ`ընդդեմ Էմանուել Մակրոնի մի շարք բարեփոխումների, որոնք, դիվանագետների կարծիքով, հանգեցնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի կործանմանը, իրադարձությունների վայրից հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ավելի վաղ Ֆրանսիայի յոթ արհմիություններ և 500 երիտասարդ դիվանագետներից բաղկացած խումբը հունիսի 2-ին գործադուլի կոչ էին արել՝ բողոքելով նախագահ Էմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ, որոնք, ըստ նրանց, սպառնալիքի տակ են դնում ֆրանսիական դիվանագիտության արդյունավետությունն ու հեղինակությունը:
Նշվում է, որ բողոքի ակցիան անցել է խաղաղ, ոստիկանական պարեկային մեքենաների ներկայությամբ։
Բարեփոխումները, մասնավորապես, ենթադրում են 50%-ով աշխատատեղերի կրճատում դիվանագիտական գերատեսչություններում։ Դիվանագետները կարծում են, որ դա հանգեցնում է ԱԳՆ-ի կործանմանը, որի աշխատակիցների թիվն արդեն երկու անգամ կրճատվել է 30 տարվա ընթացքում:
Ամենավիճահարույց բարեփոխումը վերաբերում է մինչև 2023 թվականը ֆրանսիական դիվանագիտության երկու պատմական պաշտոնների ՝ լիազոր նախարարների և միջազգային գործերի խորհրդականների «աստիճանական վերացմանը»: Ենթադրվում է, որ այդ դիվանագետները, որոնց թիվը մոտ 700 է, պետք է ընդգրկվեն «պետական ադմինիստրատորների» նոր մարմնի կազմում։
Դիվանագետների կարծիքով՝ հատուկ գործողության ընթացքում «դիվանագիտական կորպուսի կազմաքանդման այս միջոցառումները անհեթեթություն են»։
Այս գործադուլը երկրորդն էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատմության մեջ։ Առաջինը տեղի է ունեցել մոտ 20 տարի առաջ՝ 2003 թվականին։