«Ազատ դեմոկրատներ». Արցախը որևէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի և Արցախի պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր գիտակցական և քաղաքական-դիվանագիտական որակներից և հմտություններից է կախված, թե աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակն ինչպես կծառայեցնենք ի նպաստ ինքնիշխան, կենսունակ, արժանապատիվ և երաշխավորված ապագա ունեցող ժողովրդավարական պետության կառուցման գործին, ինչին հասնելու համար անհրաժեշտ է իրատեսական և գործուն քայլեր ձեռնարկել: Չափազանց իրատեսական ենք համարում, օգտվելով աշխարհաքաղաքական նույնիսկ այս իրավիճակից և առկա մարտահրավերներից, բանակցություններն ի նպաստ ՀՀ-ի և Արցախի շահին ծառայեցնելուն՝ այս գործընթացները հանգուցալուծելով Հայաստանի և Արցախի համար առնվազն շահեկան ելքով:
Անընդունելի է նաև այդքան անհրաժեշտ խաղաղությանն հասնել ուժի սպառնալիքի ազդեցությամբ և Հայաստանի Հանրապետության ու Արցախի կենսական շահերի ոտնահարման հաշվին:
Բանակցային գործընթացներում և դրանից բխող գործառույթներում (դելիմիտացիա և դեմարկացիա, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ու ենթակառուցվածքների ապաշրջափակում) Հայաստանի Հանրապետության համար ներքոնշյալ պայմանները պետք է լինեն անհերքելի նշաձողը.
1. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ որպես միջազգայնորեն ճանաչված փաստ՝ պետք է լինի կարմիր գիծ՝ հասնելով Արցախի միջազգային ճանաչման: Արցախը որևէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
2. Արցախի Հանրապետության Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների դեօկուպացիա՝ ապահովելով Հայաստանի հետ անվտանգ և անխափան ցամաքային կապը: Գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձ՝ առանց որևէ նախապայմանի:
3. Հայաստանի Հանրապետության՝ 2021թվականի մայիսի 12-ից ի վեր խախտված տարածքային ամբողջականության վերականգնում: Այս գործընթացներում ներգրավված միջազգային դերակատարները, ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը պարտավոր են միջազգային առկա բոլոր մեխանիզմներով գործուն քայլեր իրականացնելու Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքից ժամ առաջ դուրս բերելու և ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վերականգման ուղղությամբ:
4. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում բացառապես առանց նախապայմանների՝ բացառելով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ որևէ փոխկապակցությունը:
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծումը և Արցախի հիմնահարցի կարգավորումը համազգային հարց է և պահանջում է ՀՀ ու Արցախի պետական շահից բխող համընդհանուր մոտեցում:
Սա որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, և որևէ մեկը իրավունք չունի ժողովրդի հետ խոսելու վերջնագրերի լեզվով, այլ միայն համազգային ողջ ներուժի համախմբմամբ և մեր ժողովրդի ու պետության շահը գիտակցելով է հնարավոր դիմակայել առկա կենսական նշանակություն ունեցող մարտահրավերներին, քանզի Հայաստանի և Արցախի պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է»։
Հարակից հրապարակումներ`
- 15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան