Կամերային երաժշտության տանը կհնչի Դավիթ Հալաջյանի Լույսի Մեսսան
Հունիսի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի միջազգային լայն ճանաչում գտած Լույսի Մեսսա մեծակտավ ստեղծագործությունը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգի մասնակիցներն են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ` Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Ռուզան Մանթաշյան և բարիտոն Գուրգեն Բավեյան։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։
Նշենք, որ Դավիթ Հալաջյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան`գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։
Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում որպես երաժշտական խմբագիր։ 1991 թվականին Դավիթ Հալաջյանը շարունակել է իր ուսումը էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում, Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։
Ներկայումս Հալաջյանը աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։
Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։
Ստեղծագործությունների պատվիրատուներից են Շվեյցարիայի եկեղեցական խորհւրդը, «Dilijan Chamber Music Series» փառատոնը, Schweizer Oktett համույթը և այլք։