Գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ դոլար-դրամ փոխարժեքից.Սուրեն Պարսյան
Դոլարի փոխարժեքը Հայաստանի տարադրամի փոխանակման կետերում հասել է ռեկորդային ցածր մակարդակի մեկ դոլարը հունիսի 2-ին գնվում էր 440 դրամ, որոշ փոխանակման կետերում 439 դրամով և վաճառվում առավելագույնը 450 դրամով: Սակայն դոլարի արժեզրկումը որևէ ազդեցություն չի ունենում ապարնքների գների վրա: Panorama.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին խնդրեց գնահատել արձանագրվող միտումները:
Ս. Պարսյան-Վերջին չորս ամիսների ընթացքում տրասֆերտների ձևով Հայաստան է փոխանցվել մեծ քանակությամբ դոլար: Մասնավորապես՝ միայն ապրիլ ամսվա ընթացքում Հայաստան մոտ 300 մլն դոլարի տրասֆերտ է եկել, որն անցած տարվա ապրիլի համեմատ կրկնակի ավել է: Տրասֆերտների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկվել: Սա առաջին գործոնն է:
Երկրորդ՝ նախորդ տարվա համեմատ մենք ունեք արտահանման աճ՝ հիմնականում պայմանավորված մետաղների գներով, սա նույնպես ապահովել է լրացուցիչ արտարժույթի հոսք: Մյուս գործոնն էլ այն է, որ 2022 թվականի մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ից հասցրեց 9.25%-ի, որով թանկացրեց դրամը, որն էլ իր հերթին իր ազդեցությունն է թողնում դոլար-դրամ փոխարժեքի վրա:
Դոլարի արժեզրկման մյուս գործոնն էլ այն է, որ ռուս-ուկրաինական այս հակամարտությամբ պայմանավորված ռուսական բանկերի և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, և ռուսական ընկերությունները հրաժարվում են դոլարով, կամ այլ արտարժույթով վճարումներ ընդունել: Օրինակ՝ Հայաստանը, որը տարվա կտրվածքով մոտ 1 մլրդ դոլարի միայն էներգակիրներ է ներկրում Ռուսաստանից, խոսքը վերաբերում է նավթին, գազին, հեղուկ գազին, դիզելային վառելիքին, բենզինին և այլն, սրանց համար վճարում է ռուբլով: Նախկինում դոլարով էր վճարում:
Այսինքը՝ մի կողմից մենք ունենք դոլարի հոսքի ավելացում, մյուս կողմից՝ դոլարի պահանջարկի նվազում: Ներքին գործոններից է ԿԲ գործողությունները, որոնք տանում են թանկ դրամի քաղաքականությանը: Անշուշտ այս ամենը ձռնտու է ԿԲ-ին և վերջինիս կողմից է ուղղորդվում դրամի գերարժևորումը, քանի որ ԿԲ-ն փորձում է դրամի արժևորմամբ գները կայունացնել, հետագայում՝ նաև նպատակ ունենալով նվազեցնել դրանք:
Panorama.am-Կհաջողվի՞ ԿԲ-ին կանգնեցնել գնաճը, կամ իր կանխատեսած թիրախին հասցնել:
Ս. Պարսյան-Այսօր Կենտրոնական բանկն իր առաջ դրել է 5.5% (4 %+1.5%)գնաճ, բայց փաստացի հունվար-ապրիլին մենք ունենք 7.4%՝ Կենտրոնական բանկի կանխատեսած գնաճից ավելի բարձր: ԿԲ-ն փորձում է դրամի գերարժևորման միջոցով ներքին շուկայում նվազեցնել ներկրվող ապրանքների գները, բայց արդյունքում մենք ունենք ճիշտ հակառակ էֆեկտը՝ գների աճ է գրանցվում, դրա պատժառը նաև այն է, որ համաշխարհային շուկայում ապրանքների գները թանկացել են: Կտրուկ թանկացել են պարենային մթերքների մասով և էներգակիրների դեպքում նույնպես:
Մեր ներքին շուկայում մրցակցային պայմանների բացակայության պատճառով գները մրցակցային չեն, մենաշնորհները և օլիգարխներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գին են թելադրում: Անկախ նրանից, թե դոլար-դրամն այս պահին ինչ փոխարժեք ունի, նրանք իրենց գինն են թելադրում: Հիշեցնեմ, երբ անցած տարի դրամն էր արժեզրկվում՝ հասնելով մինչև 530-ի, ժամ առ ժամ խանութների դարակաշարերում փոխվում էին ապրանքների՝ ձեթի, ալյուրի, շաքարավազի գները: Հանրությանը հայտնի մենաշնորհների տերերը, օլիգարխներն այն բացատրում էին դոլարի փոխարժեքի տատանմամբ, բայց արդեն 2 ամիսն է դոլարը մոտավորապես 15 %-ով արժեզրկվել է, դրամը՝ արժևորվել, բայց գները ճիշտ հակառակ գործընթացի մեջ են, բարձրանում են:
Նույնիսկ այն ապրանքները, որոնց գները համաշխարհային շուկայում նվազել են, օրինակ՝ էներգակիրների մասով, Հայաստանի դեպքում դրանք կամ մնացել են նույնը կամ թանկացել են:
Կենտորնական բանկը որքան էլ փորձի թանկ փողի քաղաքականությամբ զսպի գնաճը, այն նրան չի հաջողվելու, քանի որ, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը, որն առաջին եռամսում 5.4 % անկում է գրանցել՝ այսինքը քիչ գյուղմթերք է արտադրել, այդ անկման պայմաններում գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ նրանից, թե դոլար-դրամ փախրժեքն ինչպիսին կլինի: Այսինքը, մենք ունենք ներքին գործոններ, իսկ դրանք չեն վերացել, այլ հակառակը՝ օրեցօր ավելանում են և Կենտրոնական բանկին չի հաջողվելու թանկ դրամի միջոցով զսպել գնաճը:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Պարսյան. Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք
- Սուրեն Պարսյան. ԿԲ-ն սնանկացնում է տեղական արտադրողներին և բնակչությանը
- Սուրեն Պարսյան. Ապրիլի 1-ից թանկանալու է նաև գազը
- Սուրեն Պարսյան. Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել
- 5. 8% տնտեսական ակտիվությունն ի հեճուկս կառավարության է ապահովվել. Սուրեն Պարսյան
- Սուրեն Պարսյան. Գաղտնի համաձայնագիր է կնքվել, ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա
- Կառավարությունը տասնյակ միլիարդներ է ծախսում սուբսիդիաների վրա, բայց դրա արդյունքը գյուղատնտեսության անկումն է. Սուրեն Պարսյան
- Դրամի արժեզրկման պրոցեսը կշարունակվի, եթե ԿԲ-ն կտրուկ միջամտություններ չանի. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան