Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, չկայացավ քվորում չլինելու պատճառով։
ԱԺ նախագահ Ալենք Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցվել է 33 պատգամավոր, քվորում չկա։
«Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր՝ չի մասնակցելու արտահերթ նիստին։
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստն է.
«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝
Հայտարարում ենք․
1․ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։
4․ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման ( հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով։
5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։
7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
- «Ինչո՞ւ այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ»
- 15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան