Տարօրինակ է աշխատողների իրավունքների պատասխանատու նախարարությանը քաղաքական հայացքի համար գործից ազատելու մեջ մեղադրելը. Նարեկ Մկրտչյան
«Իրականում տեղյակ չեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամ Միասնական սոցիալական ծառայության մարմինը որևէ մեկին քաղաքական հետապնդումների ենթարկի»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Լրագրողը հարցրեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ Աննա անունով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի աշխատակից հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի համար, որը հրապարակել են լրատվամիջոցները, իրեն ազատել են աշխատանքից:
Նախարարը հայտնեց, որ երկրում բոլորն ունեն ազատ կամք և քաղաքական դիրքորոշում արտահայտելու հնարավորություն, որը նաև տրվել է 2018 թվականին:
Նարեկ Մկրտչյանը լրոգրողին հորդորեց ճշտել, թե այդ աշխատակիցը նախարարության, թե նրա ենթակա Միասնական սոցիալական ծառայության աշխատակից է եղել և դիմել համապատասխան կառույցին, որտեղից կստանա պարզաբանում, որում նաև հիմքերը կլինեն:
«Կհասկանանք նման դեպք կա, թե ոչ, բայց հավաստիացնում եմ, որ ես առնվազն տեղյակ չեմ մի դեպքից, երբ քաղաքական պատճառներով այս ամիսների ընթացքում որևէ մեկը գործից ազատված լինի: Ի վերջո, եթե որևէ մեկին քաղաքական դիրքորոշման համար ազատել են,ապա քաղաքացին կարող է դիմել դատարան: Մենք այն գերատեսչությունն ենք, որն, ըստ էության հետևում է աշխատողների իրավունքներին և տարօրինակ է նման հայտարարություն անելը, թե մի գերատեսչություն, որը պատասխանատու է այդ քաղաքականության համար, ինքը խախտել է կանոնները: Կարող եք դիմել, բայց իմ հավաստիացումն է, որ նման դեպք չկա»,-արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից
- Նախարարության աշխատակիցներին բոլորին նկարել են՝ փորձում են գործից ազատել․ Իշխան Սաղաթելյան