Շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը
Շուրջ երեք տարի տևած շինարարությունից հետո շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույցում: Շիրակ փողոցի հետ հատման վայրում էլ կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Մետաղական կամուրջն ունի 252մ երկարություն և 28մ լայնություն:
«Մեր քաղաքացիները և Երևանի հյուրերը հնարավորություն կունենան երթևեկել Աշտարակից, շրջանցելով քաղաքի կենտրոնը՝ հասնել մինչև Արգավանդ, և կամրջի ավարտից հետո Շիրակի փողոցով միանալ Արարատի մարզին: Դրա շնորհիվ Երևանում կնվազեն խցանումները, ինչը մեծ նշանակություն կունենա նաև քաղաքի ուղևորափոխադրումը ճիշտ կազմակերպելու տեսակետից,- ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկել է 2019թ.-ին: Այն գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կյանքի կոչված հաջողված ծրագրերից է:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ կամուրջը համապատասխանում է եվրոպական չափանիշներին՝ բարձր անվտանգության ապահովման իր միջոցառումներով. «Հատկապես կարևոր է նշել, որ այն փոխում է երթևեկության ուղղությունը՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը, ինչը 17 րոպեով կրճատում է մայրաքաղաքի հյուսիսից հարավ ուղևորության ժամանակը»։
Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ: Ծրագրի իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265մլն ՀՀ դրամ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան