Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են բացառիկ նյութերով
Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն ու զեկուցագրերն են, որոնց ուսումնասիրությունն ու համադրությունը նպաստում են Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության հիմնավորմանը, վկայում են Հայոց ցեղասպանության՝ նախապես ծրագրված հանցագործություն լինելը։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ օրեր առաջ Եդուարդ Ֆըչըճըեանը ՀՑԹԻ-ին հանձնել է նաև այդ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, ինչն էլ ավելի կդյուրացնի հետազոտողների՝ դրանք ուսումնասիրելու գործը:
Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Եդուարդ Ֆըչըճըեանին պարգրատրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով:
Եդուարդ Ֆըչըչըեանը ծնունդով Պոլսից է: 19 տարեկանից տեղափոխվել է և բնակվում է Բեռլինում: 1970-80-ական թթ. Շահեն Զեյթունցյանի հետ ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի հայ համայնքի կողմից կազմակերպվող ապրիլքսանչորսյան ցույցերին ու երթերին: Այդ տարիներին ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության մասին գերմանական մամուլի անդրադարձները և առանձին գրքի տեսքով գերմաներեն լույս է ընծայել: Ծանոթ է եղել Վոլֆգանգ Գուստին, որը հենց ուսումնասիրել է գերմանական արխիվները և գրել «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գիրքը:
Ֆըչըճըեանը նշել է, որ ցեղասպանության թեման իր համար անչափ կարևոր է, քանի որ իրեն դաստիարակած ցեղասպանությունից մազապուրծ երզնկացի տատը Հայոց ցեղասպանության լուռ վկան է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա