Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
Ոստիկանները երեկ իրենց պահել են բարբարոսների պես։ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ երեկվա դեպքերին ոմանք փորձում են իրավական գնահական տալ՝ անվանելով դա զանգվածային անկարգություն․ «Դա քրեական օրենսգրքում գրված հոդված է, որը բառացիորեն կարդալով և մեծ ֆանտազիա ունենալով հանդերձ պետք է նկատենք, որ չի կարող լինել այնտեղ զանգվածային անկարգություն։ Տեսականորեն էլ չի կարող»։
Արամ Վարդևանյանը հարց է բարձրացնում՝ արդյոք որևէ մեկը երեկվա ցույցի ընթացքում տեսել է, որ կազմակերպիչներից մեկը կոչ անի՝ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստեն, երկաթյա ձողեր վերցնեն, մեքենաները վառեն, բարիկադներ ստեղծեն, իսկ դա տեսնելով կազմակերպիչը հպարտորեն գոռար, որ դրանից «իր հոգին փառավորվում է»։
«Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Երեկվա ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ և լրագրողներ, քաղաքացիներից, ընդդիմադիրներից ինչ-որ մեկը նման կոչ արե՞լ է, իհարկե չի արել»,- նշեց պատգամավորը։
Մինչդեռ, ըստ պատգամավորի, 2008 թվականին նման կոչեր արվել են, իսկ Վճռաբեկ դատարանն ասել է, որ այդտեղ հանցակազմ չկա։ Եւ չնայած Վճռաբեկ դատարանի այդ նախադեպին, ինչպես նկատեց Արամ Վարդևանյանը, ակցիաների ժամանակ որևէ մեկն իրեն նման բան թույլ չի տվել։
«Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք նման ցույցեր են կազմակերպել, հիմա մեղադրում են ընդդիմադիրներին ոչ խաղաղ ցույցի մեջ։ Մի քիչ ազնվություն պետք է ունենալ, գոնե մի քիչ։ Ոստիկանները՝ բոլորն անխտիր, վայրագությունների էին գործում, ես միայն փորձել եմ իրավիճակը հանգստացնել, իսկ ոստիկաններից շատ քչերն են այդպիսին եղել։ Դուք գիտե՞ք, որ փոխոստիկաններից մեկը ցուցարաներից մեկին ոտքից քաշել է և գցել գետնին, գիտե՞ք, որ պատգամավորներից մեկին հայհոյել են, իհարկե պատասխանը ստացել են, բայց նման վարքագիծ են ոստիկանները դրսևորել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակը լարվում է, ապա ոստիկանները պետք է հանգստացնեին, սակայն կան ոստիկաններ, որոնք այնպես են խոսում, որ դրանով միայն սադրում և իրավիճակն են սրում, ինչն էլ երեկ տեղի ունեցավ։ Արամ Վարդևանյանը միաժամանակ նշեց, որ եղել են ոստիկաններ, որոնք փորձել են հանգստացնել իրենց գործընկերներին։
Պատգամավորը նաև ասաց, որ երեկ տեսել է՝ ինչպես են երեք բերետավոր քաշում ցուցարարին, որի ձեռքը գիպսում էր։ Նրան ոստիկաններից մեկն է կարողացել հեռացնել։ «Սա է իրականությունը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Խուլիգանական վարքագծի տեր իշխանությունը. Արծվիկ Մինասյան
- ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը. Մանուկյան
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա