ՔԿ-ն հայտնում է ձերբակալված 13 անձի մասին՝ «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով»
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ. կատարվում են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ տվյալ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:
«Այդ կոչերից անմիջապես հետո, ժամը 20:30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել են հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունների արդյունքում ոստիկանության` չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից մի մասն այս պահին ստանում է ստացիոնար բուժում:
Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 13 անձ:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՔԿ-ից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան