Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել
Թուրքիայի «Պահպանողական վերելք» կուսակցության նախագահ, գործարար Ահմեթ Յըլմազն առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական պայմանագիր կնքել և դաշինք կազմել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Յըլմազը, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, հայտարարել է, որ «Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ստիպված են շատ սերտ ռազմա-պաշտպանական պայմանագիր կնքել:
«Թուրքիան չպետք է ուշանա նոր աշխարհակարգի ձևավորման հետ միասին իր շուրջն առանցք ստեղծելու հարցում»,- ասել է թուրք գործիչն ու ավելացրել, որ դրան հետագայում պետք է միանան մյուս թյուրքական պետությունները:
Ըստ Յըլմազի՝ Իսրայելի հետ պայմանագրում պիտի դրույթ ներառվի այն մասին, որ մեկնումեկի վրա հարձակումը դիտվի նաև հարձակում դաշնակից պետության վրա
Նա խոսել է նաև հայկական ու հունական տարածաշրջանների մասին, որոնք, ըստ նրա, ձգտում են առաջընթաց ունենալ, ինչին աջակցում են Արևմուտքն ու ԱՄՆ-ն:
Նշենք, որ հաջողակ գործարար հանդիսացող Ահմեթ Յըլմազի «Yılmazlar Holding»-ը մեծամասշտաբ գործունեություն է ծավալում Իսրայելում: