Երկրաբանական գիտությունների ինստիտուտի առաջնային խնդիրներից է ՀՀ տարածքի նոր երկրաբանական քարտեզի ստեղծումը. Մելիքսեթյան
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Խաչատուր Բորիսի Մելիքսեթյանը:
Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970թ-ին, Երևան քաղաքում: 1987-1992թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1993-1996թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ: 1994-1998թթ-ին աշխատել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի պետրոլոգիայի և երկրաքիմիայի լաբորատորիայում, 2001-2002թթ-ին՝ Գերմանիայի Արխեոմետրիայի ինստիտուտում: 2000թ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պետրոլոգիա, հրաբխագիտություն և երկրաքիմիա մասնագիտացմամբ:
2001-2010թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2010թ-ից մինչ այժմ՝ ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի վարիչ, 2012-2017թթ-ին՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 2017թ-ից մինչ օրս՝ ինստիտուտի տնօրեն: 2018թ-ին ինստիտուտում ստացել է երկրաբանական գիտությունների դոկտորի կոչում՝ երկրաբանություն մասնագիտացմամբ:
Խաչատուր Մելիքսեթյանը Եվրոպայի երկրաբանական գիտությունների միության, Երկրագնդի ընդերքի քիմիայի և հրաբխականության միջազգային ասոցիացիայի, Եվրոպայի երկրաքիմիական ասոցիացիայի և Օբսիդիանի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա հեղինակ է 3 մենագրության և գիտամեթոդական ձեռնարկների, շուրջ 54 գիտական հրապարակումների, որոնցից 24-ը՝ «Web Of Science» շտեմարանում ընդգրկված պարբերականներում, 17-ը` գրախոսվող պարբերականներում և ժողովածուներում, 13-ը` ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ներառված պարբերականներում: Գիտական զեկույցներով հանդես է եկել 60 միջազգային գիտաժողովներում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրել է 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը: Մասնավորապես, նրա պաշտոնավարման ընթացքում 2017-2018թթ-ին ինստիտուտում մշակվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզը, 2019-2020թթ-ին մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2020 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը, 2020-2021թթ-ին հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները, 2021թ-ին մեկնարկել է «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PEER Science-ի կողմից:
2017-2022թթ-ին ինստիտուտի գիտաշխատողների կողմից տպագրվել են 7 մենագրություն, 12 հոդվածների ժողովածուներ, 56 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում, 90 հոդված «Scopus» գիտական շտեմարանում և ԲՈԿ-ի ցանկում, ներկայացվել են 248 գիտաժողովի զեկույցներ և նյութեր:
«2022-2027թթ-ի մեր զարգացման ծրագրի հիմնական նպատակն է գիտական և աշխատանքային ներուժի պահպանումն ու նրա հետագա զարգացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը: Երկրաբանական ուսումնասիրություններում կարևոր նշանակություն ունի ինստիտուտի միջազգային դիրքը և հեղինակությունը, ինչն արտահայտվում է Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Թայվանի, Բելգիայի, Չինաստանի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ իրականացվող հետազոտություններով: Միջազգային համագործակցության շնորհիվ ինստիտուտը կարողանում է կիրառել հետազոտությունների նորագույն մեթոդներ, հետազոտությունների արդյունքների վերլուծություն և կադրերի պատրաստման ժամանակակից մոտեցումներ, հնարավորություն է ստանում գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակել տեղական և միջազգային առաջատար գիտական հանդեսներում», - ասել է Խաչատուր Մելիքսեթյանը:
Նա նշել է, որ ինստիտուտի առաջնային խնդիրներից է առաջիկայում Հայաստանի Հանրապետության տարածքի նոր երկրաբանական քարտեզի ստեղծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան