Կուսումնասիրվեն Սյունիքի մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:
Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ծորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները, հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները:
Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը:
Այս համատեքստում Արթուր Դավթյանը շեշտել է, որ պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում առաջնահերթություն է նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ սահմանային պաշտպանության և անվտանգության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմանների ապահովման պահանջների կատարման, ինչպես նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող սոցիալ-տնտեսական, լոգիստիկ բազում ծրագրերի նպատակային և որակով իրականացման խնդիրները:
Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել Դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձնել մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը:
Գլխավոր դատախազը խորհրդակցության ժամանակ ինչպես Սյունիքի մարզի դատախազությանը, այնպես էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է նախանշված այս առաջնահերթություններից բխող կոնկրետ հանձնարարություններ:
Քննարկվել են նաև մինչդատական վարույթում գտնվող գործերով քննությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: