Կամո Ունանյանը կվիրահատվի՝ Եվրոպայի առաջնությունից մի քանի օր անց
Հունիսի 10-12-ը, Խորվաթիայիում տեղի կունենա օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 34 երկիր, որտեղ Հայաստանը կներկայացնի սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Հայաստանի կարատեի միությունից հայտնում են, որ Կամոն Խորվաթիա կմեկնի հունիսի 8-ին, մինչ այդ անդադար շարունակելով մարզումները։
«Գնում եմ միայն հաղթանակի հետևից, իսկ իմ հաղթանակը՝ Ոսկե մեդալն է։ Ոչ մի խնդիր, անգամ առողջական, չի կարող ինձ ստիպել, որ մտածեմ առաջնությունում արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու մասին, դա իմ համար ձախողում կլինի»,- մեզ հետ զրույցում պնդել է Ունանյանը։
Ի դեպ, տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածքի պատճառով Կամոն հաճախակի է մեջքի շրջանում ցավեր ունենում, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։ Բայց պրոֆեսիոնալ մարզիկին այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի պատշաճ կերպով մարզվի ու պատրաստվի հաղթանակին։
«Որքան էլ ցավերն ինձ անհանգստացնեն մեկ է, մասնակցելու եմ ու հաղթանակով վերադառնամ Հայաստան»,- ասել է կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը։
Այնուամենայնիվ, եվրոպայի առաջանությունից մի քանի օր անց Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի։
«Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- հույս է հայտնել Կամո Ունանյանը, ով վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։