Թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 6-ին «asparez.am» կայքէջում զետեղվել է հրապարակում այն մասին, որ դիտորդի ձեռքից նախագահը խլել է տեսագրություններով հեռախոսը, ջնջել պարունակությունը և վերադարձրել:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հրապարակման հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր՝ պարզելու մատնանշված հանգամանքները։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ս.Ավագյանը խլել է իր բջջային հեռախոսը` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին բավարար տվյալներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ևս 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան