ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արսեն Բոբոխյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Արսեն Ալեքսանդրի Բոբոխյանը:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ներկայացնելով ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Արսեն Բոբոխյանը նշել է, որ առաջիկա տարիների համար գերխնդիրն է պահպանել ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, փորձել հնարավորինս զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով ժամանակակից գիտության պահանջներին:
«Ակնկալում ենք արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, զարգացնել մերիտոկրատական միջավայր, որտեղ մարդիկ կգնահատվեն և կվարձատրվեն ըստ իրենց արժանիքների, ինստիտուտը դարձնել ավելի մրցունակ՝ ազգային և հատկապես միջազգային մակարդակներում, ավելացնել հրապարակումները բարձր վարկանիշ ունեցող հրատարակչություններում և հանդեսներում, ընդլայնել անհրաժեշտ շենքային պայմանները և հայթայթել դրանց համապատասխան գույքն ու սարքավորումները, կիրառական դարձնել ինստիտուտի գիտական արտադրանքը և կապիտալիզացնել այն՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, կեղծարարությունների և ուծացման քաղաքականության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, հայ հասարակության ինքնության, ճաշակի ու աշխարհայացքի բարձրացմանը», - ասել է Արսեն Բոբոխյանը:
Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975թ-ին, Երևան քաղաքում: 1992-1997թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, 1999-2000թթ-ին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006թթ-ին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:
2000թ-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006թ-ին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016թ-ին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում:
Արսեն Բոբոխյանի հետազոտական ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:
1998թ-ից մինչ օրս նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնի: 2007-2021թթ-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում, 2014-2021թթ-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում, 2019-2021թթ-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
2015-2017 թթ-ին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, 2017-2021 թթ-ին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2006-2021թթ-ին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի փոխխմբագիր:
2010թ-ին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017թ-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Արսեն Բոբոխյանը 2011թ-ից անդամակցում է Օքսֆորդի Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, դասախոսություններ անցկացրել մի շարք արտասահմանյան համալսարաններում: Նա հեղինակ է 208 գիտական հոդվածի, 9 գրքերի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին: