Շուռնուխում բնակելի նոր թաղամասի աշխատանքներում եղել են թերացումներ
Շուռնուխում բնակելի նոր թաղամասի աշխատանքներում եղել են թերացումներԳորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ միասին արձանագրվել են նաև որոշ թերացումներ և ապրանքների մատակարարման ուշացումներ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամաս կառուցելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ գյուղի մի մասը հանձնվեց ադրբեջանցիներին։
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Դարբաս գյուղում կառուցվում է նոր դպրոց։ Արդեն կանգուն են մի քանի հենապատեր, ընթանում են հիմնակմախքի բետոնացման ու միջնապատերի կառուցման աշխատանքներ: Արձանագրվել է, որ օբյեկտներում բավարար քանակությամբ աշխատուժ ներգրավված չի եղել, որը և հանգեցրել է պայմանագրի ժամանակացույցի շեղումների։ Կապալառու կազմակերպություններին կոմիտեի ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և աշխատանքը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։
Աշխատանքային շրջայցով կոմիտեի պատվիրակությունը եղել է նաև Վայոց Ձորի մարզում, դիտարկել են Եղեգիս համայնքի դպրոցի կառուցման և Շատին համայնքի դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Եղեգիսի դպրոցում իրականացվում են մարզադահլիճի հիմնակմախքի կառուցման և որոշ հատվածներում՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Ուսումնասիրելով նախկինում արձանագրված թերությունները՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը որոշեցին կազմել մասնագիտական խումբ՝ առկա խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց շտկման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։
Իսկ Շատինում ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը՝ գոյություն ունեցող շենքի կոնստրուկցիաների վիճակի ուսումնասիրության նպատակով: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ քանդել շինության ետնամասի կրող պատը և կառուցել նորը։
Կոմիտեի խումբը ծանոթացել է նաև Չիվայի դպրոցի կառուցման աշխատանքներին, որտեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչի վերաբերյալ կապալառու կազմակերպությունը գրավոր տեղեկացվել է։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև թերությունների ամբողջական շտկումը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- Շուռնուխում 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու
- Թագուհի Թովմասյան. Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ