Քննչական կոմիտեն ՊՊԾ պետի գործողություններում հանցակազմ չի գտել
Քննչական կոմիտեն ՊՊԾ պետի գործողություններում հանցակազմ չի գտել
Քննչական կոմիտեն մերժել է ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ որոշումը հիմնավորելով հանցակազմի բացակայությամբ։
Ըստ Քննչական կոմիտեի, Սարգիս Հովհաննիսյանի և Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
«Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»,-քննչական կոմիտեից ասացին Panorama.am-ին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։
Լրագրողական կազմակերպությունները տարածած հայտարարությամբ պահանջել են ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։
Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել է պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է.
«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել է նա։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է. «ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաև ՊՊԾ պետի և աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել է, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն դատախազություն:
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն, լսի Սաքո, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
- ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը. Մանուկյան
- «ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ»
- ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է
- ՀԺՄ. ՊՊԾ պետը ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք