Ինչ երշիկ ենք կերել
Հայաստանում վաճառվող երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործվել են փաթեթավորման վրա չմակնշված բաղադրիչներ՝ օրինակ, կարտոֆիլի օսլա, սոյա, կենդանական ու բուսական սպիտակուց և այլն։ Նման խախտում է արձանագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երշիկեղենի շրջանառության ոլորտում իրականացրած լայնածավալ և համակողմանի ուսումնասիրության արդյունքում։ Արդյունքները ներառված են հանձնաժողովի՝ 2021 թվականի տարեկան հաշվետվության մեջ։
Մեկ այլ խախտում, որ արձանագրել է հանձնաժողովը. երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշվել են դրանց բաղադրության մեջ չօգտագործված բաղադրիչներ՝ օրինակ, տավարի միս, հավի միս, հայկական կոնյակ և այլն։ Ստացվում է, որ արտադրողները դրանք չեն օգտագործել, սակայն սպառողին կեղծ տեղեկատվություն են տրամադրել։
Հանձնաժողովի փորձագետների խոսքով, երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործված մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը կազմել է 5-60 տոկոս, և նշված երշիկեղենի փաթեթավորման վրա որպես մսամթերքիխումբմակնշվել է «մսային»։
Հայտնաբերվել է նաև երշիկեղենի մսի շրջանառության և արտադրված երշիկեղենի հումքի մեջ ներառված բաղադրիչների վերաբերյալ տեղեկություններում մսի ծավալների անհամապատասխանություն, մասնավորապես՝ երշիկեղենի արտադրության մեջ օգտագործված մսի ծավալները չեն համապատասխանում ըստ բաղադրիչների հաշվարկված մսի ծավալներին։
Այս խնդիրները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որակել է հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորում:
«Այսինքն՝ արտադրողները երշիկեղենի փաթեթվածքների վրա մակնշել են թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ինչի արդյունքում սպառողների մոտ կարող է ստեղծվել թյուր տպավորություն (ապակողմնորոշում), կամ մակնշման մեջ բացակայել են տեղեկություններ, ինչը սպառողներին հնարավորություն չի տվել ամբողջական պատկերացում կազմել»,-ասված է հաշվետվության մեջ։
Խախտում թույլ տված արտադրողների անուններ հաշվետվության մեջ նշված չեն. 10 տնտեսավարող սուբյեկտ ընդունել է իրավախախտում կատարելու փաստը։
Նշվում է, որ երշիկեղենի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների բազմակողմանի վերլուծության նպատակով հանձնաժողովը հարուցել է 12 վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Մսի ու երշիկեղենի արտադրությունը նվազել է
- Ինչու թույլ չտվեցին ռուսական երշիկը հասնի հայ սպառողին
- Մսամթերքի արտադրությունը, ներառյալ երշիկեղենը, աճել է 62.9%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին