Ընդդիմադիր պատգամավորներին չեն հրավիրել դատական բարեփոխումներին վերաբերող խորհրդաժողովին
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։ Այսօր Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում սկսվել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագիրը կրող երկօրյա խորհրդաժողովը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում, որին ներկա են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դատական իշխանության ամենատարբեր օղակների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէ։
«Մենք մեր գործընկերների հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել և ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը, խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, ոստիկանական բռնություններից, դրանց վերաբերյալ դատական իշխանության լռությունից, սակայն ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելված է միջոցառմանը։ Երևի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերպիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետև ժողովրդավարության այն փուչիկը, որն ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը և իր խունտան, հանկարծ կարող է պայթել. «Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»։
Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ այս քննարկման գերփակ լինելու փաստ մասին ուղիղ կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։
«Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից որևէ այլ էմոցիա կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդի կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում Արամ Վարդևանյանը, ով պետաիրավական հանձնաժողովի անդամ է, չի հրավիրվել և արգելվել է մասնակցութունը դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը»,- ասաց նա։