ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել, որ COVID-19-ի ավելի վտանգավոր շտամ ի հայտ գա
Կորոնավիրուսային վարակի նոր և ավելի ագրեսիվ շտամ կարող է հայտնվել ցանկացած պահի. Այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Այն զգացումը, որ համաճարակն ավարտվել է, միանգամայն հասկանալի է, բայց դա սխալ է։ Ցանկացած պահի կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր և նույնիսկ ավելի վտանգավոր տարբերակ, մինչդեռ մեծ թվով մարդիկ մնում են անպաշտպան», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում։
Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել զգոն լինել։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս, չնայած աշխարհում պատվաստանյութերի բավարար քանակին, շատ երկրներում պատվաստումների պահանջարկ չկա։
Նա ներկայացրել է մայիսի 30-ից հունիսի 5-ը կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը։ Դրանից բխում է, որ այդ ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 7 հազար մարդ։
«Համաճարակը չի ավարտվել, և մենք դրա մասին կխոսենք այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ավարտվել»,- եզրափակել է ԱՀԿ ղեկավարը։