Արարատ Միրզոյան. Շարունակում ենք հավատալ, որ ռուս խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել ԼՂ-ում մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը
«Ես վերահաստատել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ»,-հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով, ասուլիսին նախորդած քննարկումների առանցքում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
«Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,-ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։
«Եվ մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի ու փորձի կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համաձայն»,-ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությանը՝ Միրզոյանը նշեց, Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի