Կարա ՄըքԴոնալդը հյուրընկալել է ընդդիմադիր պատգամավորներին
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաև դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:
Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:
Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:
Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։