Քաղցրակերներին՝ ավելի թանկ ռուսական շոկոլադ
Ռուսաստանում կրճատվում է հրուշակեղենի արտադրությունը՝ լոգիստիկ շղթաների խաթարման պատճառով։
«Ռիա Նովոստի» գործակալությունն իր վերլուծական հոդվածում գրում է, որ արտասահմանյան մատակարարները ևս սկսել են ավելի քիչ հումք արտահանել, որպեսզի իրենց երկրներում դեֆիցիտ չառաջանա։
Ռոսստատի տվյալներով՝ ապրիլին շոկոլադի, կոնֆետների և զեֆիրի արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 15 տոկոսով՝ հասնելով 134,7 հազար տոննայի։
«Հրուշակեղենի արտադրանքում ներմուծման բավականին մեծ կշիռ ունեն կակաոյի հատիկները, կոնսերվանտները, քաղցրացուցիչները: Շատ երկրներ սահմանափակում են դրանց վաճառքը»,- ասել է AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դեևը:
Օրինակ, ապրիլի վերջին Ինդոնեզիան դադարեցրել է արմավենու յուղի արտահանումը՝ ներքին շուկայում դեֆիցիտի պատճառով, և մեկ ամսում այն թանկացել է գրեթե կրկնակի: Դրան հետևել են այլ ապրանքներ։
Նշվում է, որ արևադարձային բաղադրիչն օգտագործվում է գրեթե ամենուր՝ ապրանքների, կոսմետիկայի, մաքրող միջոցների, կենսավառելիքի մեջ:
Ռուս հրուշակագործները 1990-ականներից օգտագործել են արմավենու յուղը՝ դրա էժանության պատճառով: Անցյալ տարի ընդհանուր առմամբ գնվել է 1,2 մլրդ դոլարի յուղ, գրեթե 97 տոկոսը ներմուծվել է Ինդոնեզիայից։ Աշխարհի մատակարարումների կեսը բաժին է ընկնում հենց այդ երկրին։
Բացի ներմուծումից, արտադրության ծավալներն են նվազել՝ խանութներում բարձր գների պատճառով։ «Շատերը խնայում են մթերքների վրա: Մարդիկ շատ բան չեն գնում: Այսպես կոչված «իմպուլսային» գնումները կտրուկ նվազել են»,- նշել է Արտեմ Դեևը։
Այժմ ռուսական ձեռնարկությունները նոր շուկաներ են փնտրում, ինչը նշանակում է, որ դա կվերականգնի արտադրությունը, կանխատեսում է «Ասկոնդ» հրուշակեղենի արդյունաբերության ասոցիացիայի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Լաշմանկինը։
Հրուշակագործները ծրագրում են նաև ամբողջությամբ անցնել տեղական արտադրության սարքավորումների։
Ըստ վերլուծության՝ ռուսների ամենասիրելի դելիկատեսը շոկոլադե սալիկներն են։ ՌԴ-ում ամեն երրորդը նախընտրում է դա։ Երկրորդ տեղում տորթերն են, ապա խմորեղենն ու այլ քաղցրավենիքները։ Բնակչության մոտ 40 տոկոսը ամսական մինչև հազար ռուբլի է ծախսում քաղցրավենիքի վրա։
Վերլուծաբանները նախազգուշացնում են՝ 2022 թվականին քաղցրակերները ստիպված են լինելու ավելի քիչ քաղցրավենիք գնել, քանի որ հրուշակագործները թանկացնելու են իրենց արտադրանքի գները. լոգիստիկայի և փաթեթավորման ծախսերն ավելանում են, բացի այդ, անցյալ տարվա հուլիսից 43 տոկոսով թանկացել են մի շարք բաղադրիչների գները։ Օրինակ՝ մարգարինը տարեսկզբից թանկացել է 30%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական շոկոլադի արտադրությունը նվազել է
- Թխվածքաբլիթներ, մակարոնեղեն և շոկոլադ. մթերքներ որոնք մղձավանջ են առաջացնում
- Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
- Գիտնականները պարզել են, որ մուգ շոկոլադը դեպրեսիայի դեմ լավագույն միջոցներից մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան