Ա. Ավանեսյանի տեսնելով՝ բռունցքով ցուցարարի գլխին ոստիկանի հարվածները վարչարարություն են
«Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վարքագիծ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ իր աշխատասենյակ ներխուժելու և իր հայտարարությունների վերաբերյալ բողոք հայտնելու դեպքին:
Պատգամավորներին զայրացրել էր առողջապահության նախարարի հայտարարությունը, թե՝ «ցուցարարներին ծեծելը խիստ ժողովրդավարական երևույթ է», և նրանք մեղադրական խոսքերի հետ նախարարի դիմաց նետել են 44-օրյա պատերազմում զոհվածնեի դիերի՝ գետնին նետված պարկերի հայտնի լուսանկարները։
Ավանեսյանը «հույս հայտնեց», ասել է՝ ուղղորդեց, որ ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի կին պատգամավորների այդ վարքագիծը: Այդ վարքագիծը՝ տիկին նախարարուհին նկատի ուներ ոչ թե անտեր նետված դիերը, այլ՝ իրենց դրա մասին ևս մեկ անգամ ասելը։
Նախարարուհին ոչ միայն ուղղորդեց, այլև արդեն որոշեց, թե ինչ պիտի որոշի էթիկայի հանձնաժողովը։
Տիկին նախարարուհին հայտարարեց, իբր՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նախարարը ժողովրդավարական է համարում ցուցարարների գլխին բռունցքներով հարվածելու ոստիկանների գործողությունները՝ Ավանեսյանն ասաց. «Այո՛: Ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականության թողտվություն, ժողովրդավարությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ և երբ այն չկա և օրենքը խախտվում է, ապա պետք է կիրառվի վարչարարություն»:
Ի լրումն, նա շաբլոնեց՝ ոստիկանական ուժերը և մյուս իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս․ Քրիստինե Վարդանյան
- Ես էլ գոհ ու երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը ծեծեր Անահիտ Ավանեսյանին. Արմինե Ադիբեկյան
- Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին