Հայաստան աշխարհում է վճռվում աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը․ Լևոն Գալստյան
«Թող բոլորն իմանան, որ մտքի, ստեղծագործող մարդկանց գերկշիռ մեծամասնությունը ամեն ինչ շատ լավ գիտեն և կանգնած են շարժման կողքին, պահանջը հստակ է և վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց մտավորական Լևոն Գալստյանը։
Մտավորականի կարծիքով՝ տպավորություն է, որ կան հասկացություններ, որոնք հավելյալ բացատրության կարիք ունեն, օրինակ՝ հայրենիքը։
«Հայրենիքի ընկալում չունեցող մարդիկ, որոնք կանգնած են հայրենիքի կորստի առջև , թող իմնան մի բան, հայրենիքն Աստվածային արժեք է, հոգևոր ամնաբարձր երևույթը՝ բանական մարդու համար։ Երբ մենք աչք ենք բացում և աշխարհ գալիս, մեզ շնորհված է մի տարածք, բնաշխարհ, որն անձեռակերտ է և մենք ունենք առաքելություն՝ այդ հայրենիքը պահպանելու, ինչպես պահպանում ենք մեր հարազատ ծնողներին։ Նրանք, ովքեր այդ զգացողությունը չունեն, նույն են ինչ հիվանդ մորը չխնամող զավակը, որը կասի՝ ես այսպիսի մայր չեմ ուզում, հիվանդ է, գնամ ուրիշ մայր գտնեմ»,- ասաց Լևոն Գալստյանը։
Մտավորականընաև ընդգծեց, որ մեր հայրենիքն, իր տեղադիրքի շնորհիվ, ունի հատուկ առաքելություն ողջ աշխարհում։
«Հենց այստեղ՝ Հայաստան աշխարհում է վճռվում ընդհանրապես աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը։ Դա գիտեն և՛ աշխարհաքաղաքականություն իմացող մարդիկ, և՛ ողջ աշխարհում քաղաքական գործիչները, բայց կարևորը գիտակցենք մենք։ Մեր հայրենիքը պահպանելով, փրկելու ենք նաև մարդկությանը»,- ասաց Գալստյանն ու պնդեց, որ իր խոսքերում ոչ մի չափազանցություն չկա։