«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը ձեռք է բերել արժեքավոր հրատարակություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը ձեռք է բերել արժեքավոր հրատարակություն՝ 1864 թ․ Վենետիկում տպագրված «Գործք Առաքելոց եւ Թուղթք» գիրքը, որը բացակայում էր Մայր Աթոռի հավաքածուներում։ Այս մասին հայտնում են «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանից։
Ըստ Հայ գրքի համահավաք մատենագիտական ցանկերի՝ Վենետիկում գիրքը նույն թվականին տպագրվել է երկու անգամ՝ էջակալության տարբերությամբ՝ 432 և 463 էջ։ Նշված երկու տպագրությունների մատենագիտական նկարագրությունները «Հայ գիրքը 1851-1900 թթ․» մատենագիտության մեջ կատարվել են աստղանիշով՝ ըստ մատենագիտական աղբյուրների (տե՛ս NN 1275, 1276 ։ Ավելի ուշ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը համալրվել է 463 էջանոց տպագրության մեկ օրինակով, իսկ Հայաստանի ազգային գրադարանը՝ երկրորդ տպագրության երկու օրինակով, սակայն էջերի քանակը ոչ թե 432 էր, այլ 337, 1 չհամարակալված էջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ձեռք բերած օրինակը հենց այս տպագրությունն է։
Գիրքը տպագրվել է Վենետիկում, Մխիթարյան միաբանության տպարանում։ Շարվածքի չափսը՝ 16x8,8 սմ։ Ձեռք բերված օրինակն ունի մուգ շագանակագույն կոշտ կազմ՝ ոսկեգույն զարդափակ շրջանակով, վրան՝ խաչի պատկեր։ Կռնակին կան ոսկեգույն երիզներ, իսկ կռնակի վերևի հատվածում նշված է վերնագիրը, որը մաշվածության պատճառով գրեթե անընթեռնելի է։
Տիտղոսաթերթին՝ զարդանկար, բնագրում՝ մանր զարդանախշեր, երկու փորագիր պատկեր։ Փոքր-ինչ վնասված է գրքի կազմը և 91-րդ էջին հաջորդող փորագիր պատկերը։ Մնացած էջերը ամբողջական են և լավ պահպանված։ Որոշ էջերին կան մատիտով նշումներ, որոնք թվագրվում են 1922-1925։ Դրանք հավանաբար պատկանում են գրքի տիրոջը և ամրագրում են գրքի ձեռքբերման տարեթիվը։
Գիրքն արդեն հասանելի է Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա