Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում է.
«Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Ազգային անվտանգության ծառայություն։
Ըստ «Երկիր Մեդիայի» աշխատակիցների՝ բերման ենթարկողները 4 քաղաքացիական հագուստով անձինք էին, ովքեր նույնիսկ անվտանգության աշխատակիցների մոտ չեն ներկայացել:
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այսինքն 2 տարի տևած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որևէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու՝ որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:
Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը ևս նշեց, որ բերման ենթարկելու հիմք առկա չի եղել , քանի որ պարոն Եսայանը անգամ չի ծանուցվել:
Սա խիստ մտահոգիչ է և ակնհայտ իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով:
Թարմացում‼️
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հետ, ով նշել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 -ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Փաստաբանը նշել է նաև, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։
Շարունակում եմ հետևել իրադարձությունների զարգացմանը և լրացուցիչ կարձանագրեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան
- Բագրատ Եսայանին բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան
- Բագրատ Եսայանին հենց աշխատասենյակից տարել են ԱԱԾ. Գեղամ Մանուկյան