Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժումը երբևէ և որևէ պարագայում չի կարող մարել, քանի որ շարժման մարումը կամ կասեցումը կլինի հայ ժողովրդի պարտությունը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Շարժումը ՀՀ նորանկախ պատմության մեջ բացառիկ գործընթաց է, որը տեղի է ունեցել և այն վստահաբար շարունակվելու է։ Շուրջ 40 օր, 24 ժամ մարդիկ դուրս են եկել փողոց։ Ունեցել ենք 40-50 հազարի հասնող հավաքներ, երթեր, ունեցել ենք նվազումներ, բայց հենց այսօր էլ փաստվեց ու ամեն օր էլ փաստվում է, որ շարժումը որևէ կերպ չի կարող կանգնել։ Այն բացառապես հայկական է ու համաժողովրդական՝ առանց որևէ երկրի աջակցության։ Այն մաքուր ազգային ու համաժողովրդական շարժում է, որը վստահ եղեք՝ իր նպատակին հասնելու է», - ընդգծեց նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այն, որ ամբողջ աշխարհը գիտի՝ հայ ժողովուրդը պարտության հետ որևէ կերպ չի համակերպվելու, ժողովուրդը պատրաստ չէ նոր զիջումների, դա արդեն ակնհայտ փաստ է, որը մինչև ապրիլի կեսերը դնում էին հարցականի տակ։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե երկրում չկա քաղաքական ճգնաժամ, քանի որ ընտրությունների միջոցով իրենք վերարտադրվել են, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ եթե նախորդ տարի ընտրությունների նախաշեմին նրանք հայտարարեին՝ իրենց իշխանության պարագայում Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, ունենալու էինք այն զիջումները, որոնց մասին այսօր խոսվում է, ասեին, որ խաղաղության դարաշրջանն, ըստ էության, լինելու է հայրենազրկման գնով և դրանից հետո ստանային վստահության քվե, ապա կարող էին ասել, որ ճգնաժամ չկա և իրենք մանդատ ունեն ժողովրդի կողմից։
«Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք անցած տարի այլ բան են ասել ժողովրդին, իսկ վերընտրվելուց հետո խոսում են նշաձողն իջեցնելու և երկիրը նոր զիջումների տանելու մասին։ Հետևաբար, քաղաքական ճգնաժամ առկա է, քանի որ դրա ստեղծողը շարունակում է մնալ իշխանության, իսկ ընտրությունները բավարար չեն ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու, նոր ուժ տալու ուղղությամբ։
«Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ: Առաջիկայում այս մասին կխոսենք։ Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի հարցի շուրջ են՝ ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, շտկենք բացթողումները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք՝ այն, ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց այսօր նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, մեր քայլերում և գործողություններում հնարավոր են փոփոխություններ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել. Սաղաթելյան
- Եթե նոր ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի