Ճակատագրական պահեր ու լրիվ տարբեր մոտեցումներ լեզվին
Պետդումայի պատգամավորները քննարկում են օտարալեզու արտաքին գովազդի ցուցանակների արգելքը։ «ՌԻԱ նովոստի»,-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Պետդուման քննարկում է օտարալեզու գովազդային ցուցանակների տեղադրման արգելքը, օրինագիծը պատրաստ է»,-գրել է նա։
Քաղաքական գործիչը համապատասխան որոշման վերաբերյալ հարցում է անցակցրել իր էջի ընթերցողների շրջանում: Առայժմ նախաձեռնությանն աջակցել է բաժանորդների ավելի քան 70 %-ը, քվեարկությունը դեռ ընթանում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համապատասխան օրինագիծը պատրաստ կլինի աշնանային նստաշրջանի քննարկմանն ընդառաջ։
Դումայի մշակույթի կոմիտեի ղեկավար Ելենա Յամպոլսկայայի գնահատականով՝ խոշոր քաղաքների կենտրոնական փողոցներում 30-50 %-ով ավելի շատ լատինատառ ցուցանակ կա, քան կիրիլիցայով։
Panorama.am-ը հարց ուղղեց Լեզվի կոմիտեին՝ պարզելու, թե վերոնշյալ խնդիրն ինչպես է կարգավորվում Հայաստանում:
Կոմիտեից հայտնեցին, որ Հայաստանում միայն օտար լեզվով ցուցանակները կամ գովազդներն են արգելված:
«Եթե նաև օտար լեզվով է ցուցանակը, ապա պետք է հայարենը ձախից աջ լինի ձախ հատվածում և վերևից ներքևի դեպքում՝ վերևում»,-պարզաբանեցին Լեզվի կոմիտեից:
Ըստ կոմիտեի աշխատակցի՝ տնտեսվարողը ցուցանակի կամ գովազդի էսքիզն անելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկում է Լեզվի կոմիտե, որտեղ հաստատում են այդ հաջորդականությունը և բացառում տառադարձման սխալները, ծառայությունը տնտեսվարողին անվճար է տրամադրվում:
«Ցուցանակները և գովազդները Հայաստանում ձևավորվում են հայերեն՝ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով, իսկ անհրաժեշտության դեպքերը որոշում է տնտեսվարողը, քանի որ դրանք օրենքով սահմանված չեն»,-հայտնեցին լեզվի կոմիտեից և պարզաբանեցին, որ օտար լեզվով գրառման անհրաժեշտությունը զգազվում է հատկապես երբ օտար երկրից հայտնի ապրանքանիշերի ապրանքներ են վաճառվում և կարիք է առաջանում լատինատառ անվանումը գրել, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ ապրանքանիշի ապրանքն է վաճառվում:
Panorama.am-ի զրուցակիցը հայտնեց, որ կոմիտեում տեղյակ են ՌԴ դումայում շրջանառվող նախագծից, որում ապրանքային նշանների մասով ավելի խիստ կարգավորումներ են տրվում, քան Հայաստանում:
Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում ռուսերենին, նաև՝ իր սահմաններից դուրս:
Նախորդ տարվա հոկտեմբերին Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, հայտնել էր, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար ևս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-ասել էր ՌԴ արտգործնախարարը և հավելել, որ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար, հավելել է նա:
Ուկրաինական ճգնաժամի պատճառով ծանր սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական վիճակում հայտնված ռուսները հետևում են իրենց ինքնությանը, շահին, իսկ հազարամյակներով մեր լեզվի և հավատքի համար մշտապես պայքարած հայերս՝ ընդհակառակը, այսքան կոնֆորմիստ ենք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի