Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
Հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում տեղի կունենա «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառման շրջանակում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում կընդգրկվեն նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:
«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին ընդունելու ժամանակ
Դումանյանն անդրադարձել է նաև հայ կինոյի 100-ամյա հոբելյանին, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:
Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը, ինչին Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան