Եթե նոր ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որի հետ կապված կարծես Նիկոլ-Ալիև դավադիր համաձայնություն կա, և մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը: Ֆրանսիայի հրապարակում այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն` անդրադառնալով Բերձորը հանձնելու մասին շրջանառվող լուրերին։
Նրա խոսքով՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2-3 ամիս հետո։
«Եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր։ Ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ գազի, էլեկտրաէներգիայի:
Այսինքն՝ ամբողջովին կախման մեջ ենք գտնվելու, և այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ հաջորդ հանրահավաքին հանդես կգան մասնագիտական վերլուծությամբ և հանրությունը կտեղեկանա, թե ինչ նոր դավադիր ծրագրի մասին է խոսքը։
Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ առհասարակ ՀՀ իշխանությունները որևէ կերպ և որևէ տեղ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր ժողովրդի և պետության շահերը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, մինչ օրս պատշաճ բացատրություն և պարզաբանում չի տրվել։ «Արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, դիմել են ճիշտ հոդվածներով, կանոնակարգով և ինչ պատասխան են ստացել։ Այս իշխանությունների գործողություններն ու քայլերը մնում են անհասկանալի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Նա հիշեցրեց նաև, թե իշխանություն գալուց հետո ինչպիսի գործողություններ սկսեցին Յուրի Խաչատուրովի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի