Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել. Սաղաթելյան
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հայտնի չէ ընդդիմության դիրքորոշումը։
Նրա խոսքով, իրենց դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հնչեցվել՝ ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։
«Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Հակառակ պարագայում մտնել սուվերեն երկրի տարածք, դրանից հետո պարտադրել սահմանազատում և սահմանագծում, դա ուժի սպառնալիքի տակ իրականացվող գործընթաց է, այլ ոչ թե՝ խաղաղության կամ սահմանների ճշգրտման մասին բանակցություն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դա անընդունելի է, բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին։ Այսինքն, ըստ նրա, կան իրար հակասող հայտարարություններ:
«Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաև ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը ի վերջո կարո՞ղ են հասկանալ, թե փակ դռների հետևում սրանք ինչի մասին են շարունակ բանակցում: Երբ չկան սկզբունքներ, չկան կարմիր գծեր, չգիտենք, թե որն է իրենց վերջին կետը, տեղի են ունենում բանակցություններ: Մի հայտարարություն գոյություն ունի՝ նշաձող իջեցնելու մասին։ Ակնհայտ է, որ մեր բոլորի թիկունքում տեղի է ունենում գործընթաց, որում բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի