Բագրատ Եսայանին բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան
Աշխատասենյակից բերման ենթարկված «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը դեռ չի հանդիպել քննիչի հետ։
«Խոսել եմ քննիչի հետ, ասել է, որ Բագրատ Եսայանը գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Կբարձրանամ, կտեսնեմ՝ կոնկրետ ինչ գործողություն է կատարվում»,- ԱԱԾ դիմաց լրագրողներին ասաց Եփրիկյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ կարելի է երկու եզրահանգում անել. «Հավանաբար պարոն Եսայանը բերման է ենթարկվել նախորդիվ շինծու քրեական գործերից ինչ-որ մեկով։ Երկրորդ, արդեն իսկ օրենքի կոպտագույն խախտում է, որ պարոն Եսայանը բերման է ենթարկվել։ Համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով, վերջինս որևէ կերպ պատշաճ կերպով ծանուցված չի եղել որևէ պետական հաստատություն ներկայանալու համար։
Բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ, որովհետև մարդուն բերման են ենթարկում այն դեպքում, երբ որ ծանուցում են, բայց տվյալ մարդն առանց որևէ հարգելի պատճառների չի ներկայանում, վարույթ իրականացնողը բերման ենթարկելու մասին որոշում է կայացնում։ Բագրատ Եսայանը, ըստ էության, տեղեկացված չի եղել, որ իրեն հրավիրում են որևէ տեղ մասնակցելու որևէ քննչական գործողության, հետևաբար վերջինս բերման ենթարկելու մասին որոշում կայացնելն արդեն իսկ սխալ է եղել։
Կարծում եմ՝ եթե վարույթ իրականացնողն իր գործողություններն արդեն սկսել է կոպտագույն խախտումներով՝ ապօրինաբար բերման ենթարկելով, մնացած գործողությունները ևս լինելու են ածանցյալ կերպով ապօրինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի