«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին այդքան էլ չեն ընդունում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 100-րդ օրվա առնչությամբ այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ մարզպետին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այդքան էլ չեն ընդունում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ կուսակցության սյունիքյան թևը որևէ կերպ չի հասկանում՝ ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել այդ կարևոր մարզի համար:
«Ամբողջ մարզպետարանն իր սիրելի մարդկանցով է լցրել: Անհասկանալի, անընդունելի էր, երբ իրեն տեղակալ նշանակեց լրագրող Նարե Ղազարյանին, որ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր ու մասնակցում էր ընդդիմադիրների բոլոր երթերին, ակցիաներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզպետին թեև հաջողվել է Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որևէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլև ընդդեմ մարզպետ Ղուկասյանի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով Ղազարյանի նշանակմանը և այդ առնչությամբ ՔՊ-ականների անհանգստությանը, նշեց. «Այդպիսի բան չկա, նեղ շրջանակներ են այդպես քննարկում, բայց իրականում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքներին, ապա մեծ աշխատակազմ ունենք, կարող ենք հարցնել յուրաքանչյուրին, ու կասեն՝ մարզպետարանն այսքան ներդաշնակ երբեք չի եղել»:
Մեր զրուցակիցը, սակայն, փոխանցում է, որ ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նա, սակայն, պարտված թեկնածու է. Կապանում խայտառակ պարտություն կրեց ներկայիս համայնքի ղեկավարի հետ մրցակցությունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան