Սաակաշվիլու ծրագրերը «Ուկրաինայի հաղթանակից հետո»
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակչությանը դաշնություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Քութայիսին։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
«Մոտ ապագայում՝ Ուկրաինայի հաղթանակից հետո, մենք ոչ միայն կանդամակցենք Եվրամիությանը, այլև կկարողանանք բանակցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում ապրող քաղաքացիների հետ։ Ռուսական օկուպացիոն բանակի դուրսբերմամբ Ցխինվալիի հարցն ինքնին կլուծվի»,- ասված է Սաակաշվիլիի տարածած հայտարարության մեջ։
Ըստ Սաակաշվիլիի՝ այս նահանգում երկքաղաքացիություն է լինելու, ինչը նշանակում է, որ Աբխազիայի քաղաքացին ավտոմատ կերպով լինելու է Վրաստանի քաղաքացի, սակայն Վրաստանի քաղաքացին ինքնաբերաբար չի լինելու Աբխազիայի քաղաքացի։
Նրա խոսքով՝ սա կվերացնի աբխազների ուծացման վախը.
«Ե՛վ վրացերենը, և՛ աբխազերենը կլինեն պետության պաշտոնական լեզուներ։ Քութայիսիում խորհրդարանը լինելու է երկպալատ, և ֆեդերացիայի երկու սուբյեկտները հավասար ներկայացվածություն կունենան վերին պալատում։ Աբխազիայի նախագահը միշտ կլինի Վրաստանի փոխնախագահը։
Պետք է լինի անցումային շրջան (ասենք 3-5 տարի), որի ընթացքում կինտեգրվեն զինված ուժերը, մաքսայինն ու սահմանային ծառայությունը։ Իհարկե, ֆեդերացիայի ներսում պետք է լինի լիովին ազատ տեղաշարժ և անվտանգության ընդհանուր ռեժիմ»:
Սաակաշվիլիի խոսքով՝ վերջին տասնամյակները լավագույնս ի ցույց դրեցին՝ Աբխազիան միջազգային ճանաչման հնարավորություն չունի։
«Վրաստանի հետ միասին, մեր առաջարկած մոդելով, այն կարող է դառնալ Դաշնության լիարժեք կառույց և Եվրամիության մաս՝ զարգացման և ինքնության պաշտպանության լիարժեք երաշխիքներով»,- նշել է Սաակաշվիլին տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան