Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Սևանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի և որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ EU4Sevan ծրագրի խորհրդատու Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրել է ծրագրի գործողությունները և ժամանակացույցը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից Սևանա լճի ավազանում 2016-2018թթ. իրականացված թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի ուսումնասիրությունների արդյունքները, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումների հնարավորությունները և խնդիրները, Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար առկա խնդիրները և անհրաժեշտ միջոցառումները ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ներկայացնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, ասել է, որ սահմանված նշաձողը՝ Սևանա լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1909մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա:
«Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական և ինտեգրալ կառավարում չի իրականացվում։ Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- ասել է Սեյրան Մինասյանը:
Անդրադառնալով անելիքներին՝ նա նշել է, որ պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի և գնահատման գործընթացը: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պետք է վերազինվի նոր սարքավորումներով:
«Վերահսկողական մոնիթորինգի ամբողջական համակարգ է պետք գործարկել՝ համաձայն «Ջրի շրջանակային դիրեկտիվի»: Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի և գործարկվի: Պետք է մոդելավորվի Սևանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի և իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- ասել է Սեյրան Մինասյանը:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշել է, որ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սևանա լճի ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ:
«Հիմնականում պեստիցիդները հայտնաբերվել են մեծ Սևանի հարավային հատվածում, գետերում, գետաբերանների հատվածներում, հիմնականում հատակային նստվածքներում: Սա հետևանք է ոչ միայն նախկինում կիրառված պեստիցիդների, այլև ներկայում ոչ պաշտոնական ձևով կիրառվող պեստցիդների»,- ասել է Գայանե Շահնազարյանը:
Նա նշել է, որ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաև Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում և Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները:
«Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռևս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը»,- ասել է Գայանե Շահնազարյանը:
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ նշել է, որ իրենց ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել:
Քննարկման ժամանակ առաջարկ է հնչել միավորել պետական մի քանի լաբորատորիաների հնարավորությունները՝ Սևանա լճի ավազանում մոնիթորինգ իրականացնելու համար: Նաև նշվել է, որ «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվում են Սևանա լճի մոդելավորման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
- ՇՄՆ-ն Սևանա լճից 2022-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3
- Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան և հպարտությամբ խոսում են այդ մասին․ Անահիտ Գևորգյան
- Սևանա լճի խնդիրները
- Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
- Սևանա լճից «լեվի» ջրառ է արվում՝ ՀԷԿ-երի համար․ Սիլվա Ադամյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում