Գերմանիայի հայոց թեմը դատապարտում է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը
Գերմանիայի Հայոց առաջնորդարանը խստագույնս դատապարտում է հունիսի 8-ին Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու արարքը և իր համերաշխությունն է հայտնում բոլոր տուժածներին։
«Մերժելով մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի ազգային-կրոնական պատկանելիությունից»,- orer.eu-ի հաղորդմամբ, նշված է Գերմանիայի հայոց թեմի հայտարարության մեջ։
Նշվում է, որ 29-ամյա տղամարդը մեքենայով, մեծ հավանականությամբ դիտավորյալ, մխրճվել է մարդկանց բազմության մեջ ու վրաերթի ենթարկել հետիոտներին։ Զոհվել է մեկ մարդ, ծանր ու թեթև մարմնական վնասվածներ են ստացել մի շարք քաղաքացիներ, որոնց մեջ կան նաև դպրոցահասակ երեխաներ։
Ըստ մամուլի հաղորդումների, վարորդը, դեռևս ամբողջապես չհաստատված տվյալներով, գերմանաբնակ հայաստանցի է Գոռ Հ.-ն անուն-ազգանունով։ Դարձյալ ըստ մամուլի հաղորդումների, նա հոգեկան խնդիրներ ունի և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարման վիճակում։
Գերմանիայի Հայոց առաջնորդարանի տվյալներով, արարքը գործած անձը անծանոթ է հայ համայնքին, չկա մեկը, ով ճանաչում է այդ երիտասարդին։