Վուլֆսոն. Խաչատրյանի անվան մրցույթում ձևավորվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար
Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ չորս թավջութակահարներ պայքերում են ստուգատեսի հաղթողի կոչման համար։
Ժյուրիի նախագահ Էդուարդ Վուլֆսոնը նկատում է, որ խաչատրյանական մրցույթը կազմակերպված է բարձր մակարդակով, ստեղծվել է հրաշալի մթնոլորտ ստեղծագործելու համար։ Նա ընդգծում է նաև, որ ձևավորվել է ժյուրիի շատ լավ կազմ. ոչ միայն թավջութակահարներ են ներգրավված ժյուրիի կազմում, այլև ջութակահարներ, մանկավարժներ, որոնք այս օրերի ընթացքում մեծ ուշադրությամբ ունկնդրում են մասնակիցներին՝ բացահայտելու լավագույն երաժշտին։ Մասնակիցների կատարողական մակարդակը, ըստ ժյուրիի նախագահի, տարբեր է։ Մրցակցությունը մեծ է, և նա նշեց, որ սպասում են երրորդ փուլին, որտեղ մասնակիցները հանդես կգան արդեն նվագախմբի հետ, և թավջութակահարներն իրենց վարպետությունը կցուցադրեն նաև նվագախմբի նվագակցությամբ։ «Ես երաշխավորում եմ, որ կունենանք փայլուն հաղթող»,- ասաց պարոն Վուլֆսոնը։
Խաչատրյանի անվան մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի» (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանական մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած թավջութակահարների անունները
- Մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայություն մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտության աշխարհահռչակմանը. Էդուարդ Վուլֆսոն
- Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
- Յաբլոնսկի. Խաչատրյանը մեծագույն կոմպոզիտոր է, և նրա անվան մրցույթ ունենալը միայն ավելի է ապացուցում նրա մեծությունը