Երաժշտությունը հավերժ է, իսկ քաղաքականությունը՝ ժամանակավոր
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Գերմանա-հայկական դիվանագիտության հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով համաժողով։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ բացելով միջոցառումը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը շեշտադրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի առնչությունները Գերմանիայի հետ։ Նրա խոսքով՝ Խաչատրյանի արվեստը այնքան սիրված ու գնահատված է Գերմանիայում, որ 1961 թվականին կոմպոզիտորն ընտրվել է Արվեստների գերմանական ակադեմիայի թղթակից անդամ։ Խաչատրյանի հեղինակային համերգները, «Սպարտակ» և «Գայանե» բալետների բեմադրությունները Գերմանիայում ընդունվել են մեծ խանդավառությամբ։ Խաչատրյանն ունեցել է իր նշանակալի ավանդը խորհրդա-գերմանական հարաբերությունների զարգացման գործում։
Ա. Գրիգորյանը տեղեկացրել է, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ստանձնել է Խաչատրյանի նամականու անգլերեն թարգմանությունը, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել նամականու անգլերեն հրատարակման պատասխանատու գործը։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերն իր խոսքում ասել է, որ երկու երկրների միջև ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ գրանցելով հաջողություններ: Գերմանիան երկար տարիներ աջակցում է դեմոկրատական բարեփոխումներին և կայուն զարգացմանը Հայաստանում։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում քաղաքական, տնտեսական գործակցության հետ մեկտեղ երկու երկրներն ունեցել են նաև մշակութային հարուստ գործակցություն։
«Խոսելով քաղաքականության և երաժշտության մասին՝ պետք է նշենք, որ երաժշտությունը հավերժ է, իսկ քաղաքականությունը՝ ժամանակավոր։ Սակայն ճիշտ քաղաքականությունը կարող է նպաստել մշակույթի զարգացմանը։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը ի թիվս այլ հենասյուների՝ հիմնված է նաեւ կրթության եւ մշակույթի վրա»,- ասել է Մ. Թավմասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան