Դատարանը Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից
Առաջին ատյանի դատարանը, դատավոր Նաիրա Ավետիսյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- Թելեգրամ ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը։
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ հայցվոր Ա. Վանեցյանը պահանջել է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, վիրավորանքի համար ներողություն խնդրել, պարտավորեցնել հրապարակել վճիռը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
Դատարանի վճռի համաձայն. «Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին Factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020 թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները։
Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները։
Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին www.factor.am կայքով տեսանյութի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից www.factor.am կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցված «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար՝ սահմանելով ներողություն խնդրելու հետևյալ ձևը. «Ես` Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից, վերջինիս հասցեին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում նրա վերաբերյալ հնչեցված «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար»:
Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար:
Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»։
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1in.am կայքը կրկին հերքել էր Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների մասին հրապարակած տեղեկությունները։
«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:
Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով»,- գրել էր «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: