Հայաստանում ԵՄ դեսպանը և ԵՄ պետությունների դեսպաններն արձագանքել են Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն. Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են իմ հրատապ նամակին։
Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Դեսպանին ներկայացրել էի մասնագետների ահազանգերն առ այն, որ օգտագործված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը սպառվել է, և մասնագետների վկայությունների համաձայն՝ ժամկետանց զինամթերքը պատճառ է դարձել, որ ցուցարարներն ու ոստիկաններն ավելի ուժեղ վնասվածքներ ստանան։ Դեսպանին նաև հայտնել էի բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրների պնդումները, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին։
Խնդրել էի հրապարակային մեկնաբանություն, քանզի դա կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի օպերացիաների կանխարգելմանը։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ա․ Վիկտորինի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների անունից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Հոլանդիա, Չեխիա, Լիտվա, Իտալիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա) ստացել եմ պատասխան, համաձայն որի կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։
Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն։
Որոշ դեպքերում դա արդեն արվում է։
Դեսպանը բարձրացրել է իր մտահոգությունները ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, ով ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության, համամասնության և համապատասխանության մասին։
Դեսպան Վիկտորինը շեշտում է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու չափազանց մեծ կարևորությունը, և որ հարկ է՝ բոլոր կողմերը բացառեն բռնության ցանկացած ձև յուրաքանչյուր կողմից։
ԵՄ դեսպանը հավաստիացնում է, որ ԵՄ պատվիրակությունը կշարունակի ուշադրությամբ դիտարկել զարգացումները»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին, ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին
- Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
- ԵՄ դեսպան, պետք է կողմնորոշվեք՝ ՀՀ-ում սատարում եք ժողովրդավարությա՞նը, թե՞ Նիկոլին. Ակցիա ԵՄ դեսպանատան մոտ
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Ագնեսա Խամոյան. Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան
- Թագուհի Թովմասյանը ոստիկանների կողմից արգելված միջոցներ կրելու վերաբերյալ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին
- Թագուհի Թովմասյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ոստիկանների կողմից գործադրվող անհամաչափ ուժը