Արցախի քաղաքացին 1550 դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։ Արցախի ԱԱԾ տարածած տեսանյութի համաձայն, Արցախի զինծառայող քաղաքացին 2021 թվականին համացանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա գործակալների հետ և ընդհանուր 1550 դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ։
Արցախի Հանրապետության Ազգային անվտնագության ծառայության կոզմից ծավալած օպերատիվ-հետախուզական արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ.Գ-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության կողմից օգտագործվող՝ հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:
Նշված աղջկա միջնորդությամբ՝ 2021 թվականի փետրվար ամսից, բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ: Եվ ծառայության բերումով տիրապետելով ՊԲ N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի առաջադրանքով, 2021 թվականի մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսը ընկած ժամանակահատվածը, հավաքագրել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրան է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավորապես, զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնող մարտական դիրքերի, ԱՀ շրջաններում այլ զորամասերի, նաև Արցախում տեղակայաված ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերյա պետության հատուկ ծառայության աշխատակցի կողմից ուղարկված ևս 1400 դոլար վարձատրություն՝ այդպիսով վնաս հասցնելով ԱՀ տարածքային անձեռնմխելիությանն ու արտաքին անվտանգությանը։
Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, քաղաքացի Լ.Գ-ն ձերբակալվել է, տվել է խոստովանական ցուցմունքներ: