Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների բազմազան աշխարհը
Գեղարվեստի ակադեմիայի ավարտական քննությունները արվեստը «մանկան» աչքերով նայելու ու նորովի տեսնելու հնարավորություն է ամեն անգամ։
«Մենք նպաստում ենք ազգային մշակույթի զարգացմանը և հասարակության գեղագիտական ճաշակի բարձրացմանը». սա է Գեղարվեստի պետական ակադամիայի հիմնական նպատակը և այդ նպատակին հասնելու համար բուհը տարեկան հարյուրավոր մասնագետներ՝ արվեստագետներ է պատրաստում, որոնք հասարակության մեջ պետք է տարածեն գեղեցիկը։
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվել են 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Գեղարվեստի ակադեմիայի ուսումնական մասի ավագ մասնագետ Հասմիկ Մակվեցյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ունեցել են 162 շրջանավարտ։ Ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի համար շրջանավարտների ընտրած թեմաները բազմազան են. գեղանկարում՝ կենցաղային թեմաներից մինչև պատերազմական, գրաֆիկայում՝ շատ են եղել տպագրական աշխատանքները։
«Անցած տարվա համեմատ, այս տարի «Գեղանկարչություն» բաժնի շրջանավարտներն ավելի քիչ էին անդրադարձել պատերազմի թեմային»,- ասաց Հասմիկ Մակվեցյանը։
Մասնագետների կողմից շատ բարձր է գնահատվել երիտասարդ քանդակագործների աշխատանքներ։
Նա նշեց, որ բակալավրի շրջանավարտներ էին եղել, ովքեր բացի իրենց հիմնական աշխատանքից, ներկայացրել էին նաև Քրիստոսի արձանի տարբերակներ, որոնք մասնագետները շատ բարձր են գնահատել. «Փայլուն գործեր են, ոչ միայն կատարողականը, նաև միտքը»։
«Կիրառական արվեստ»-ում նույնպես փայլուն գործեր են ներկայացված եղել։
Ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն են եղել ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»), դիզայներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Ռուբեն Մնացականյանը («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում») և ճարտարապետության դոկտոր, Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Գրիգորյանը («Արվեստաբանություն»):
Երիտասարդ արվեստագետների աշխատանքները հանրությունը կարող է տեսնել հունիսի 20-ին ՀՀ Նկարիչների միությունում, որտեղ բացվելու է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2021/2022 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը։
Լուսանկարները՝ Գեղարվեստի ակադեմիայի կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան