Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխային
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Ջավախքի Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա: Jnews-ը գրում է, որ երեխայի ծնողները չեն սպասել շտապօգնության գալուն և երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Գյուղացիները երեխայի ծնողներից ճշտել են երեխայի վիճակի մասին։ Վերջիններիս խոսքով, վիճակը ծայրահեղ ծանր չէ, սակայն երեխային շտապօգնության մեքենայով կտեղափոխեն Թբիլիսի։
Երեխան գնացել է պարի դասի, որն անցկացվում է գյուղի կենտրոնում գտնվող ակումբի շենքում։
«Հազիվ է կանգնեցրել, մեծ արագությամբ է քշել: Բոլոր երեխաները հիմա իրենց տներում դողում են»,- ասել են բնակիչները։
Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասել են, որ բեռնատարները գյուղով միշտ մեծ արագությամբ են անցնում։ Նրանք բողոքում են, որ ամեն օր հետիոտների հետ բախման վտանգ կա։
Բնակիչները ցանկացել էին ասֆալտը փորել ու արհեստական անհարթություններ տեղադրել, որ գյուղով անցնող բեռնատարները ստիպված լինեին դանդաղ վարել, սակայն Ախալքալաքի քաղաքապետը նրանց ասել էր, որ սպասեն իրեն, միասին որոշեն ինչպես վարվել։