«Փաստ». Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում խտրական վերաբերմունք է ցուցաբերվում աշխատակիցների հանդեպ
«Փաստ» թերթը գրում է.
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության կողմից խտրական վերաբերմունք է ցուցաբերվում աշխատակիցների հանդեպ: Բանն այն է, որ մոտ երեք ամիս առաջ որոշվել է տեխնիկական և սպասարկող անձնակազմի աշխատողների մի մասի աշխատավարձը բարձրացնել 40-50 հազար դրամով, իսկ մնացյալներինը թողել են նույնը՝ 67 հազար դրամ:
Մեր ունեցած տեղեկություններով, տուժել են հիմնականում հագուստների, գրիմի հարցերով զբաղվողները: Թե ինչու է նման խտրականություն դրվել, աշխատակիցներին հոդաբաշխ պատասխան չի տրվում, թատրոնի տնօրենի պաշտոնակատարն էլ հրաժարվում է անգամ հանդիպել իր իսկ ղեկավարած կառույցի աշխատողներին:
Թատրոնում խոսում են, որ այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը բարձրացվել է, հիմնականում տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ծանոթները, բարեկամներն ու հարազատներն են: Աշխատակիցներին միջնորդավորված ասվել է, որ մեղավորը ԿԳՄՍ նախարարությունն է, որտեղ չեն ուզում նրանց աշխատավարձերը բարձրացվեն:
Միևնույն ժամանակ զգուշացվել է՝ սպիտակ թուղթ շատ կա, ով դժգոհ է, թող դիմում գրի, աշխատանքից ազատվի:
«Փաստը» դիմեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ պարզաբանումներ ստանալու խնդրանքով, սակայն լրատվական ծառայությունից գրավոր հարցում ուզեցին՝ հավելելով, թե իրենք ոչ մի հարցի բանավոր չեն պատասխանում: Դե, ինչ, գրավոր հարցումն ուղարկված է, և պատասխանն սատանալուն պես կներկայացնենք նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեսակետը:
Գրությունն ուղարկված էր, իսկ թերթը պատրաստ էր տպագրության, երբ մեզ հայտնի դարձավ, որ Դուրգարյանը վերջապես հանդիպել է դժգոհող աշխատակիցներին և ասել, որ այս պահին նրանց աշխատավարձը չի կարող բարձրացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա նաև նշել է, թե հարցին գուցե հնարավոր լինի անդրադառնալ սեպտեմբերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան