Շուրջ հինգ տասնյակ մարդ անօրինական կերպով կալանքի տակ է գտնվում. ակցիայի մասնակից
ՀՀ գլխավոր դատախազության մոտ անցկացնելու ենք բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանում տեղի ունեցող ապօրինի քաղաքական հետապնդումների։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամներից Սևակ Նազարեթյանը։
«Շուրջ հինգ տասնյակ մարդ տարբեր առիթներով հետապնդման են ենթարկվում և անօրինական կերպով կալանքի տակ են գտնվում։ Մեր այն եղբայրներն ու քույրերը, որոնք այսօր կալանքի տակ են, նրանց մեծամասնությունը չի արել ոչինչ ավելին, քան այս շարժման շրջանակներում իրենց մասնակցությունը ունեցող մնացած բոլոր քաղաքացիները։ Բոլորս պայքարում ենք հանուն Հայաստանի։
Եթե այսօր կալանավորված մեր ընկերները մեղադրվում են խաղաղ անհնազանդության գործողություններ կատարելու մեջ, ապա յուրաքանչյուր ոք, որը մասնակցում է այս շարժմանը, նույն մեղադրանքներին կարող է ենթարկվել»,- ասաց նա։
ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանն էլ նշեց, որ վերջին մի քանի շաբաթներին տեղի ունեցած ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել է բիրտ ուժ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ ունեն վնասվածքներ, կան հիվանդանոցներ տեղափոխվածներ, կան մարդիկ, որոնք կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել։
«Մեր բողոքն այս իշխանությունների նման գործողությունների դեմ է։ Գործ ունենք մի ռեժիմի հետ, որն ուղղակիորեն մարդկանց ազատությունը սահմանափակելով, քրեական գործեր հարուցելով փորձում է մեզ ճնշել, սակայն չեն գիտակցում, որ մենք անկոտրուն ենք, երիտասարդներին ոչնչով չեն կարող վախեցնել»,- ասաց նա։
Այնուհետև Ֆրանսիայի հրապարակից երիտասարդները քայլերթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն։ Երթի ընթացքում երիտասարդները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- «Բանտը դավաճանների տեղն է». մեկնարկեց երիտասարդների ակցիան ընդդեմ քաղաքական բռնաճնշումների
- Գեղամ Մանուկյան. Մասնակցել բռնաճնշումների դեմ բողոքի երթին ձեր ապագայի համար
- Իր վերջին օրերն ապրող իշխանության այս վարքագիծը մեզ հասկանալի է, այսպիսի բան եղել է 90-ականներին. Արծվիկ Մինասյան
- Բողոքի ակցիա քաղաքական բռնաճնշումների դեմ, մշակութային երեկո-զրույց. Ընդդիմության այսօրվա անելիքները
- Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթելյան