Հանրապետությունում արտադրական դժբախտ պատահարներից տուժել է 21 մարդ
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման հետևանքով 2021 թվականին արձանագրվել է 21 արտադրական դժբախտ պատահար: 2020-ի համեմատ` պատահարների թիը նվազել է 3-ով։
Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին տեղեկացնում են, որ արտադրություններում դժբախտ պատահարների գրեթե կեսը բաժին է հասել Երևանին, հաջորդիվ Լոռու մարզն է։ Այսպես, նախորդ տարի Երևանում գրանցվել է 11 դեպք, Լոռու մարզում՝ 4 դժբախտ պատահար, որից տուժել է 3 մարդ։
Դեպքերից 3-ը գրանցվել է Սյունիքի մարզում, 2-ը՝ Արարատում, 1 դեպք՝ Արմավիրում։
Նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 4 մարդ, որից 3-ը՝ Երևանում, 1-ը՝ Արարատում։
Հրապարակված տեղեկատվության համաձայն, դժբախտ պատահարներից 8-ը տեղի են ունեցել հանքերում: Դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերությունը (8 դեպք), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում (5 դեպք):
Նախորդ տարի հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 66 մլն. դրամ:
Այդ գումարից 4.3 մլն դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստին, 6.1 մլն-ը՝ կորցրած աշխատավարձի փոխհատուցմանը, 5.2 մլն-ը՝ միանվագ նպաստին, 5.5 մլն դրամը՝ բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, իսկ 44.9 մլն-ը՝ այլ ծախսերին: