Երիտասարդները ձեռնաշղթաները թողեցին դատախազության դիմաց՝ դրանք ճիշտ օգտագործելու պատվերով
Ֆրանսիայի հրապարակից երիտասարդները հասան գլխավոր դատախազություն։ Աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ ակցիայի մասնակիցները «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» են վանկարկում, իսկ առաջին շարքում կանգնած աղջիկները, ի նշան բողոքի, շղթայել են իրենց ձեռքերը։
Նրանք նշեցին, որ այս ձեռնաշղթաները պետք է կրեն դավաճանները։ «Բանտը դավաճանին, հայրենիքը հային» սկսեցին վանկարկել երիտասարդները։
«Գնացեք ու դավաճաններին բռնեք, մեր պայքարն արդար է»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակից Սևակ Նազարեթյանը նշեց, որ երթով եկել են այստեղ շատ հստակ ասելիքով. «Հայաստանում շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան, հարյուրավոր քաղաքական հալածյալներ, բազմաթիվ քրեական գործերով այս իշխանությունները փորձում են լռեցնել նրանց, թույլ չտալ, որպեսզի քաղաքական տարակարծություն լինի Հայաստանում»։
Նա հիշեցրեց, թե ինչ կարգախոսներ էին այս այսօրվա իշխանությունները բարձրաձայնում՝ հավասարություն, ժողովրդավարություն, արդարադատություն, սակայն հիմա ամբողջությամբ հակառակն է տեղի ունենում։
«Հայաստանում ընտրովի ժողովրդավարություն է։ Մարդիկ, ովքեր խոսում են այս իշխանությանը կողմ, իրենց ամեն ինչ թույլատրելի է, մարդիկ ովքեր դեմ են այս իշխանությանը, նրանց դեմ գործեր են հարուցվում։ Սա է մեր երկրի իրական պատկերը, մենք այս իրականությանը, պատկերին ասում ենք ոչ»,- ասաց Ս. Նազարեթյանը։
Նա նշեց, որ այս կառույցն ազգային շահին դեմ գնացող իշխանավորներին կարող է մեկ րոպեում ուղարկել իրենց իրական տեղը՝ բանտ, որտեղ իրենց պայքարի ընկերներն են։
Ակցիայի վերջում մասնակիցները ձեռնաշղթաները թողեցին դատախազության դիմաց՝ ասելով. «Այս իշխանությունը այս ձեռնաշղթաներով փորձում է մեզ լռեցնել։ Թողնում ենք այստեղ երկու հստակ կոչով՝ սրանցից չենք վախենում, թողնում ենք սրանք ձեզ, որ այս երկրի դեմ դուրս եկած մարդկանց, իրական թշնամիներին, իրական հանցագործներին սրանցով տանեք ու իրենց իրական տեղը ցույց տաք»։
Հարակից հրապարակումներ`
- Շուրջ հինգ տասնյակ մարդ անօրինական կերպով կալանքի տակ է գտնվում. ակցիայի մասնակից
- «Բանտը դավաճանների տեղն է». մեկնարկեց երիտասարդների ակցիան ընդդեմ քաղաքական բռնաճնշումների
- Գեղամ Մանուկյան. Մասնակցել բռնաճնշումների դեմ բողոքի երթին ձեր ապագայի համար
- Իր վերջին օրերն ապրող իշխանության այս վարքագիծը մեզ հասկանալի է, այսպիսի բան եղել է 90-ականներին. Արծվիկ Մինասյան
- Բողոքի ակցիա քաղաքական բռնաճնշումների դեմ, մշակութային երեկո-զրույց. Ընդդիմության այսօրվա անելիքները